ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ


1 share
Մհերը և Ահրիմանի դարպասները

Գլուխ 5-րդ

ԱՄԲՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՀՐԻՄԱՆԻ ՄԱՍԻՆ

 Անահիտը նստեց տղաների դիմաց և ասաց.

-Մենք շատ ժամանակ չունենք, հավանական է, որ Ահրիմանն արդեն արթնացրել է իր հինգ գազաններին և հարմար առիթ է փնտրում իր ծրագրերն իրականացնելու համար:

-Ի՞նչ գազաններ, ի՞նչ ծրագիր,- շփոթված հարցրեց Հայկը:

Մհերը հաստատակամ հայացքով նայեց Անահիտին և ասաց.

-Պատմեք ամեն ինչ սկզբից:

Անահիտին դուր եկավ այդ վճռականությունը և նա սկսեց.

-Ահրիմանը չարի տիրակալն է, ստորգետնյա խավարի արքան:  3000 տարի նա սպասել է այս հնարավորությանը, որպեսզի կարողանա դուրս գալ իր զնդանից և իրագործել նախկինում ձախողած ծրագիրը: Ուղիղ 3000 հազար տարի առաջ էր, երբ նա արարչական ընտանիքից գողացավ սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին, որպեսզի առանց նրա մարդիկ և աստվածները մոռանան սիրո, բարության ու գեղեցկության մասին, նա Աստղիկին պահում էր խավարի տիրույթների ամենամութ սենյակում, որպեսզի Աստղիկի ուժը որքան հնարավոր է արագ սպառվի: Մարդիկ կամաց կորցնում էին սիրելու ունակությունը, Աստվածները դեռ դիմադրում էին: Աստղիկը իր վերջին ուժերն էր ուղղում բոլորիս օգնելու համար: Արամազդը՝ մեր Հայր Աստվածը, բարկությունից որոշեց կարկուտ, անձրև, ամպրոպ ու կայծակ տեղալ գետնի վրա, որպեսզի դողա Ահրիմանի ստորգետնյա թագավորությունը: Ահրիմանի ուզածն էլ հենց դա էր: Եթե Արամազդը պատերազմ սկսեր երկնքի և երկրի միջև, ամեն ինչ կխորտակվեր քաոսի մեջ, երկրի վրա

30 օր մշուշ կլիներ, հետո 30 օր ամեն ինչ կայրվեր կապույտ կրակների մեջ, իսկ հետո կավարտվեր ժամանակը և Ահրիմանը կդառնար քաոսի տիրակալը, իսկ մենք՝ աստվածներս, հավերժ կմնայինք Ահրիմանի գերության մեջ:

-Բա հետո՞, ի՞նչ եղավ հետո,- անհամբերությունից հարցրեց Հայկը:

-Վահանգնը  գնաց Աստղիկի ետևից: Վահագնը և Աստղիկը արդեն երեք հավերժություն է սիրում են իրար: Վահագնը նետվեց Ահրիմանի ստորգետնյա թագավորություն, գերության վերցրեց չարի տիրակալի ուժը իրենց մեջ կրող հինգ գազաններին, իսկ Ահրիմանին ընդմիշտ փակեց իր իսկ խավարի ամրոցում և փակեց ամրոցի պարիսպները այնպիսի ուժով, որ ոչ ոք չկարողանա այն բացել, նույնիսկ Ահրիմանը: Պարիսպները կբացվեն միայն այն դեպքում, եթե նրանց դիպչի նա, ում վիճակված է հաղթել Ահրիմանին, միայն աստվածային ուժ ունեցող մահկանացուն կարող էր բացել պարիսպները, և դա դու ես Մհեր:

Մհերը զարմացած նայեց Անահիտին, հետո ինքն էլ լսածին չհավատալով՝ ծիծաղեց:

 -Ե՞ս, դուք իրո՞ք մտածում եք, որ ես կարող եմ հաղթել չարի տիրակալին:

Անահիտն այնպիսի անվրդով հայացքով նայեց Մհերին, որ վերջինս հասկացավ, որ Աստվածուհին հենց այդպես էլ մտածում է:

-Լավ,- շարունակեց նա,- ենթադրենք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, բայց ինչու՞ է այդ պարիսպը Օպերայի շենքի մեջ:

-Որովհետև ,-պատասխանեց Անահիտը,- նախկինում այդ շենքի տեղում եղել է Աստղիկ աստվածուհու տաճարը: Ահրիմանը խավարի տիրույթներից դուրս էր եկել այդ տաճարի միջով և Վահագնը այնտեղ է փակել նրան:

Այս ամբողջ ընթացքում Հայկը ուշադիր լսում էր Անահիտին ու Մհերին: Նա այնքան էր ոգևորվել լսածից, որ վեր թռավ ու համարյա գոռալով՝ ասաց.

-Ի՞նչ է պետք անել, ասե՛ք, և մենք ամեն ինչ կանենք:

-Հա՛յկ, դու հասկանու՞մ ես՝ ինչ ես խոսում, այս ամենն ավելի լուրջ է, քան ուղղակի արկած:

-Ուզեք, թե ոչ, տղանե՛ր, դուք ընտրություն չունեք, պետք է շտկել ամեն ինչ, հակառակ դեպքում, մահականացուներին և Աստվածներին մեծ վտանգ է սպառնում,-ասաց Անահիտը՝ նորից հագնելով սև թիկնոցը:

Մհերը նայեց Հայկին, հետո Անահիտին և դժվարությամբ արտաբերեց.

-Լավ, եթե ուրիշ ելք չկա, ես կփորձեմ ուղղել սխալս:

-Շատ լավ,-ասած Անահիտը,- կա մի քանի բան, որ դու պետք է վերցնես քեզ հետ

-Ի՞նչ- զարմացավ Մհերը:

-Դրանք քո հայրիկի իրերից են: Դրանցից մեկը Վահագնի նվիրած սուրն է, մյուսը՝ Նանե աստվածուհու նվիրած ողջամտության թուրմը և Վանատուր աստծո նվիրած քարտեզը: Դրանք քո հայրիկի իրերի մեջ կլինեն, մենք պետք է փնտրենք:

-Կարիք չկա փնտրելու,- ասաց Մհերը և պահարանի ամենախորքից հանեց հոր սենյակում գտած արկղը:

Անահիտը նայեց քանդակազարդ արկղին և ասաց.

-Ահա և այն, այս արկղը ես եմ նվիրել հայրիկիդ, որպեսզի նա կարողանա ապահով պահել աստվածների պարգևները:

-Դուք կպատմե՞ք ինձ հորս մասին, նա… նա ո՞ղջ է,-կարկամելով հարցրեց Մհերը:

-Ես կպատմեմ այն ամենը, ինչ գիտեմ, երբ ժամանակ լինի, Մհե՛ր, իսկ հիմա պետք է շտապենք, մոտ եկեք,- ասաց Անահիտն ու տարածեց իր թիկնոցի փեշերը, տղաները մոտեցան նրան, աստվածուհին թիկնոցը գցեց նաև Մհերի ու Հայկի մեջքին, փակեց աչքերն ու մի քանի վայրկյան անց նրանք անհետացան Մհերի սենյակից:

Շարունակելի…

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։