ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ ՎԵՐՋԻՆ


Մհերը և Ահրիմանի դարպասները

Մհերը և Ահրիմանի դարպասները

Գլուխ 13րդ

ՎԵՐԱԴԱՐՁ

Չարի տիրակալը չէր պատրաստվում հանձնվել: Նա իր գահի ետևում թաքնված փորձում էր հրե գնդեր նետել Մհերի վրա, բայց էլ առաջվա ուժը չուներ: Մհերի համար դժվար չէր խույս տալ դրանցից: Ահրիմանը, տեսնելով, որ պարտությունը մոտ է՝ որոշեց փախչել: Մհերը հետևեց նրան և երբ Մհերի սուրը կախված էր Ահրիմանի գլխավերևում, վերջինս առաստաղից կախված հսկայական ջահը կախարդանքով ցած գցեց Մհերի վրա: Սուրը Մհերի ձեռքից դուրս թռավ, նա ծուղակի մեջ էր, չէր կարողանում դուրս գալ: Ահրիմանը կանգ առավ, երբ տեսավ, որ Մհերի թուրը տիրոջ մոտ չէ, նա մոտեցավ և վերցրեց այն:

-Վահագնի սուրը, այսպիսի զենքով իմ առաջ կխոնարվեն բոլոր աստվածները և մահկանացուները,- ասաց Ահրիմանը` հիացած ուսումնասիրելով թուրը:

-Այդ մեկը երբեք չի լինի,- ասաց Առոնը և ձեռքերը ուժգին թափահարեց Ահրիմանի ուղղությամբ:

Այդ նույն վայրկյանին սուրը ընկավ Ահրիմանի ձեռքից, և նա ասես քարացավ տեղում: Բանն այն է, որ երբ Ահրիմանը հրե գունդ էր նետել Հրատի վրա, նրա ստեղծած անտեսանելի կախարդական պատը չքացել էր, բայց ոչ ոք չհասկացավ, թե ինչպես Առոնին հաջողվեց զինաթափ անել Ահրիմանին, այն էլ` քարացնել նրան, և բոլորից շատ զարմացավ Առոնը: Նա մոտ վազեց, օգնեց Մհերին դուրս գալ ծուղակից: Ահրիմանը տեղում քարացած ասաց.

– Մհեր, մի փորձիր սպանել ինձ, միևնույնն է, չարը հավերժ է, եթե նույնիսկ դու ինձ սպանես, ես կվերածնվեմ այլ կերպարով և ավելի ուժեղ կլինեմ:

-Նա ճիշտ է ասում, Մհեր,- ասաց Առոնը:

-Այդ դեպքում ի՞նչ անեմ,- հարցրեց Մհերը:

-Նույնը, ինչ Վահագնը արեց, փակիր նրան այս միջանցքում:

Մհերը, Հայկը և Առոնը Ահրիմանին թողեցին այդպես անշարժ կանգնած իր ամրոցի դահլիճում: Նրանք երեքով գրկեցին Հրատին և դուրս եկան:

Ահրիմանը գոռում էր նրանց ետևից, խնդրում վեռադառնալ և հանել իր վրայից կախարդանքը, նա աղաչում էր նորից չփակել իրեն այդ ամրոցում, խոստանում էր, որ էլ երբեք չարիք չի գործի, բայց մեր պատմության հերոսները անդրդվելի էին:

-Իսկ միգուցե գոնե կախարդանքը հանեիր,- ասաց Մհերը Առոնին:

-Եթե նույնիսկ շատ ցանկանամ, չեմ կարող, որովհետև չգիտեմ էլ, թե ինչպես կախարդեցի նրան,- ծիծաղելով ասաց Առոնը:

Նրանք դուրս եկան քարանձավից. և Մհերը իր սրով հարվածեց պատին, հսկայական քարեր թափվեցին և փակեցին մուտքը: Հանկարծ լսվեց Ահրիմանի ձայնը, կարծես ինչ-որ մեկը տանջում էր նրան:

-Ի՞նչ է կատարվում,- ասաց Մհերը:

-Ահրիմանը այրվեց իր իսկ չարության մեջ,- ասաց Առոնը:

Նույն րոպեին լսվեց մեծ դարպասների ձայնը, դրանք փակվեցին դղրդյունով, միջանցքը ցնցվեց:

-Արագ, հանիր քարտեզը, մենք պետք է շուտ դուրս գանք այստեղից,- ասաց Առոնը:

Մհերը հանեց Վանատուրի նվիրած քարտեզը, նրանք բոլորն իրենց մատները դրեցին քարտեզի վրա, ամուր բռնեցին Հրատին և բարձր ասացին՝ «Աստվածների վեհագույն խորհրդի դահլիճ»: Չանցավ մեկ վայրկյան, և մեր պատմության հերոսները հայտնվեցին այնտեղ, որտեղից սկսել էին իրենց դժվար ճանապարհը: Աստվածային վեհագույն խորհրդի դահլիճը այս անգամ դատարկ չէր: Բոլոր աստվածներն այնտեղ էին:

-Վերջապես,- ասաց Անահիտը և մոտ վազեց,- սա ո՞վ է,- ասաց նա՝ տեսնելով Հրատին: Հայկը, Մհերը և Առոնը չէին հասցրել նկատել, որ հսկայական արծվի փոխարեն իրենց գրկում գեղեցիկ մի պատանի էր:

-Սա, սա…,- կարկամեց Հայկը,- Հրատն է, Սանգարիսի զինակիրը:

Արեգը ընդհատեց նրան.

-Դուք գիտե՞ք, որ վերադառնալու համար ունեինք ընդամենը երեք րոպե:

-Մենք այնքան էինք անհանգստանում,- ասաց Աստղիկ Աստվածուհին:

-Ես արդեն ուզում էի գալ ձեր ետևից,- ավելացրեց Վահագնը:

-Մենք հիմա ամեն ինչ կպատմենք ասաց Մհերը:

Մեր պատմության հերոսները Աստվածներին պատմեցին ողջ կատարվածը: Բոլորը հիացած էին տղաների քաջությամբ, իսկ Արամազդը ասաց.

-Առոն, դու այսուհետ կարող ես օգտագործել մոգական հնարքներ, և ես քեզ եմ շնորհում նաև այս թևերը,- նրա խոսքերի հետ Առոնի մեջքին երկու ճերմակ թև հայտնվեցին, և ես դժվարանում եմ նկարագրել Առոնի ուրախությունը:

-Բայց խորհուրդ կտամ գնալ և զգեստափոխվել, որովհետև այս հանդերձանքը այնքան էլ հարմար չէ Աստվածային խորհրդի գլխավոր բանբերին,- ավելացրեց Արամազդը:

-Այո, իհարկե, ես վաղուց էի ուզում…. Ի՞նչ, ի՞նչ ասացիք…գլխավոր…գլխավոր բանբեր,- ուրախությունից խոսելու կարողությունը կորցրած՝ հազիվ հասկանալի ասաց Առոնը:

-Այո, Առոն, դու ապացուցեցիր, որ արժանի ես այս պարգևներին, Հայկ, քեզ ես նվիրում եմ այս նետ ու աղեղը, քո նետերը երբեք չեն վերջանա, և ցանկացած պահի դու կգտնես ուժ ու քաջություն քո մեջ՝ միայն չարի դեմ օգտագործելու այս զենքը,- ասաց Արամազդը, և նրա ձեռքերում ամպի կտորներից  իսկական նետ ու աղեղ գոյացավ: Հայկը վերցրեց նվերը, խոնարհվեց և շնորհակալություն հայտնեց:

Արամազդը դիմեց Մհերին.

-Մհեր, ես պատրաստ եմ իրագործել քո յուրաքանչյուր ցանկություն, միայն ասա ինձ:

Մհերը անչափ տխուր էր, նա կռացավ հատակին պառկած Հրատի վրա, ապա նայեց Արամազդին և ասաց.

-Եթե չլիներ Հրատը, ոչինչ չէր ստացվի, խնդրում եմ, Հրատին կյանք շնորհեք:

Արամազդը մեղմ ժպտաց, իսկ Հրատը հազիվ լսելի ասաց.

-Դրա կարիքը չկա, ընկերս, ինձ պարզապես մի քիչ հանգստանալ է պետք:

Մհերը, Հայկը և Առոնը օգնեցին Հրատին բարձրանալ, վերջինս նայեց ինքն իրեն, հետո տեսավ, թե որտեղ է գտնվում, ու չկարողացավ որևէ բառ արտասանել:

-Դու քաջ և հավատարիմ զինվոր ես, Հրատ, խնդրիր ինձանից ինչ ցանկանաս,- ասաց Արամազդը:

Հրատը երկար չմտածեց.

-Միակ պարգևը արքայորդուն տեսնելն է, մեծն Արամազդ:

-Դու կտեսնես նրան, երբ վերադառնաս քո թագավորություն,- ասաց Արամազդը:

Հրատը խոնարհվեց նրան, և նրա աչքերը փայլեցին ուրախությունից:

Արամազդը շարունակեց.

-Մհեր, դու այդպես էլ ինձանից ոչինչ չխնդրեցիր:

-Ես միայն ուզում եմ իմանալ, թե դուք ինչ գիտեք հայրիկիս մասին:

-Շատ լավ, ես կպատմեմ քեզ: Քո հայրը, Մհեր, շատ հետաքրքրասեր և խելացի է: Նրա ուսուցիչը՝ Նպատը, դուք նրան ընկեր Համբարձումյան եք կոչում, նախկինում եղել է Աստվածային խորհրդի գլխավոր բանբեր: Շատ տարիներ առաջ նա սիրահարվեց մի մահկանացու աղջկա և խնդրեց ինձ իրեն նույնպես մահկանացու դարձնել: Նպատը սկսեց ապրել մահականացուների կողքին, իր սիրելի կնոջ հետ: Նա քո հայրիկի ուսուցիչն էր և  շատ էր սիրում նրան: Մի օր էլ պատմում է հայրիկիդ Ահրիմանի լեգենդը: Հայրդ որոշում է ամեն ինչ իր աչքով տեսնել: Անհեռատեսորեն նա ներխուժում է միջանցք, բայց Վահագնին հաջողվում է կանգնեցնել նրան: Այդ օրը Ահրիմանի լրտեսները հարձակվում են Վահագնի վրա, հայրիկիդ հաջողվում է օգնել Վահագնին և փրկել նրա կյանքը: Վահագնը խոստանում է կատարել նրա մեկ ցանկությունը, իսկ հայրդ ցանկանում է ծանոթանալ Աստվածների հետ: Վահագնը կատարում է իր խոստումը: Մեզ բոլորիս շատ դուր եկավ քո հայրը, որովհետև նրա մեջ մեծ քաջություն կար: Այդպես Աստվածները նվերներ են պարգևում հայրիկիդ՝ ի նշան շնորհակալության Վահագնին օգնելու համար:

-Իսկ հիմա նա որտեղ է,- հարցրեց անհամբերությամբ Մհերը:

-Նա սիրում էր ճամփորդել այլ իրականությունների մեջ, նա շրջում էր տարբեր թագավորություններով: Վերջին անգամ հայրիկդ եղել է Արադոտ թագավորությունում, իսկ հետո անհետացել է իմ տեսադաշտից:

Մհերը ոչինչ չասաց, նա այնքան մեծ հույս ուներ, որ կգտնի հայրիկին, կամ գոնե կիմանա, թե որտեղ է:

-Ժամանակն է, որ դուք վերադառնաք,- ասաց Արեգը:

-Այո, իսկապես, դու լույս օրվա տիրակալն ես և երբեք չես մոռանում ժամանակի մասին,- ասաց Արամազդը,- բարով մնացեք բարեկամներ, վերադարձեք տուն և էլ երբեք գործ մի բռնեք չարիքի հետ:

Մհերը և Հայկը գրկախառնվեցին Առոնի ու Հրատի հետ: Հրաժեշտ տվեցին բոլորին և Վանատուրի նվիրած քարտեզի միջոցով հայտնվեցին Երևանում, Օպերայի շենքի մոտ, որտեղից նրանց երկուսի տունն էլ մոտ էր:

-Մհեր, դու իսկապե՞ս սիրում ես Մարիին,- վերջապես խոսեց Հայկը:

-Այո, բայց ես համոզված եմ, Հայկ, որ դու նրան ավելի շատ ես սիրում,- ասաց Մհերը՝ փորձելով արդարանալ:

-Ես չեմ նեղանում, ուղղակի էլ երբեք ինձանից գաղտնիքներ մի պահիր, հա՞:

-էլ երբեք, ոչ մի գաղտնիք,- խոստացավ Մհերը,- հիմա շտապենք տուն, վաղը կխոսենք,- ասաց նա և երկու ընկերները վազեցին դեպի տուն:

ԱՎԱՐՏ

Հաջորդ առավոտյան դպրոցում երկու ընկերները խոսելու շատ բան ունեին: Առաջին դասաժամը Հայոց պատմության ժամն էր:

Ընկեր Համբարձումյանը Հայկին կանչեց գրատախտակի մոտ և հանձնարարեց պատմել հայ հեթանոս աստվածների մասին: Հայկը դժվարանալու պատճառ չուներ, չէ՞ որ նա անձամբ էր ճանաչում բոլոր աստվածներին: Առաջին նստարանին նստած Մարին ժպտաց Հայկին, այդ օրը դարձավ նրա ամենաերջանիկ օրերից մեկը:

Մհերը նույնպես պատասխանեց ընկեր Համբարձումյանի հարցերին: Համբարձումյանը դասից հետո մոտեցավ Մհերին և Հայկին.

-Կեցցեք… Մհեր, դու ճիշտ ուղու վրա էիր:

-Ես միայն ուզում գտնել հայրիկիս,- ասաց Մհերը:

-Ես էլ եմ դա շատ ուզում, դրա համար փորձում էի օգնել քեզ , որքան կարող էի, դու կգտնես նրան, ես համոզված եմ,- ասաց Համբարձումյանը և հեռացավ:

Հայկը և Մհերը բացեցին հայրիկի հին նոթատետրը և սկսեցին ուսումնասիրել այն՝ նոր արկածների ակնկալիքով:

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 1-ԻՆ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 2-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 3-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 4-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 5-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 6-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 7-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 8-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 9-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 10-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 11-ՐԴ

ՄՀԵՐԸ ԵՎ ԱՀՐԻՄԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ – ՄԱՍ 12-ՐԴ

Անի Մաղաքյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։